Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պետական պատվերով և աջակցությամբ տարեկան 200-ից ավելի գիրք է լույս տեսնում

Պետական պատվերով և աջակցությամբ տարեկան 200-ից ավելի գիրք է լույս տեսնում
26.07.2016 | 08:51

Մշակույթի նախարարության 2017 թվականին հրատարակվելիք գրականության ցանկերում սահմանվել է նոր ուղղություն` ՀՀ համայնքների պատմությունը, մշակույթը, ավանդույթները, խոհանոցը, հայտնի մարդկանց ու նրանց գործը ներկայացնող գրականություն: Մշակույթի նախարարության գրական ծրագրերի համակարգող ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ մինչ այդ մշակույթի նախարարությունն ուներ մարզային գրականությունը ներկայացնող ուղղություն, բայց հայտատուները հաճախ լավ չեն պատկերացնում իմաստը և այդ ուղղության տակ ներկայացվում են մարզերում ապրող հեղինակների ստեղծագործություններ, ինչն իրականում ժամանակակից գրականության մաս է կազմում. «Մենք խնդիր ունեինք տեղի անունը ավելի բաց ներկայացնելու` համայնքների վերաբերյալ համապարփակ գրականություն ունենալու և հետագայում ի մի բերելու համար: Շեշտադրումը պայմանավորված է նաև ՀՀ անկախության 25-ամյակով, վարչատարածքային նոր բաժանումներով, այսինքն` համայնքների ստեղծմամբ, տարանջատմամբ»:

-Համայնքների պատմությունը, որի վրա ուշադրությունը բևեռում եք, կհետաքրքրի՞ ընթերցողին: Առհասարակ, պետական աջակցությամբ ու պետպատվերով գրքերի ցանկն ընտրելիս առաջնահերթ հաշվի են առնում պահանջա՞րկը:
-Մենք ընտրում ենք գրականություն, որը ոչ միայն պետք է ընթերցողին, այլև պետական կարևորություն ունի: Տարեկան տասից ավելի ցուցահանդեսի ենք մասնակցում, եթե անգամ չենք մասնակցում, գրքեր ենք ուղարկում, որովհետև մեր գրականությունը ներկայացնելու խնդիր ունենք: Ինչ վերաբերում է նոր ուղղությանը, խորհրդային տարիներին ամեն գյուղ ուներ իր գիրքը, ազգային գրադարանում շուրջ հարյուր նման գիրք կա, բայց դրանք արդեն հին են, պատմությունները մեկտեղելու կարիք կա: Գուցե հիմա լինեն մարդիկ, որ մի քանի համայնքների պատմություն ներկայացնեն` մշակույթով, կենցաղով, ավանդույթներով: Ի վերջո, դրանք մոռացությունից փրկելու խնդիր ունենք: Մասնավոր հրատարակչությունները մեծ թվով մանկական, մանկապատանեկան գրականություն են հրատարակում, գեղարվեստական գրականությունը նույնպես մեծ թափ է առել, մենք պետք է խթանենք գրատպության այն ուղղությունները, որոնք ավելի «կաղ» վիճակում են: Համայնքների պատմությունը ներկայացնող կամ ազգային փոքրամասնությունների մասին պատմող ու նրանց լեզվով լույս տեսնող գրականությունը, բնականաբար, սպառման հնարավորություն չունի: Հրատարակիչները, մասնավոր կազմակերպությունները շահագրգռված չեն նման գրականության վրա գումար ծախսելու, և նախարարությունը դրանց աջակցությունը վերցնում է իր ուսերին:
-Պետական աջակցությամբ տարեկան քանի՞ գիրք է հրատարակվում:
-Պետպատվերով, աջակցության և այլ ծրագրերով տարեկան 200-ից ավելի գիրք է լույս տեսնում: Այս տարի պետպատվերի գումարը տրամադրվել է աջակցությանը, այսինքն, մենք նույն գումարով կաջակցենք ավելի շատ գրքեր հրատարակելուն: Ներկայացնում ենք ամենատարբեր ուղղությունները` ժամանակակից, սփյուռքահայ, ազգային փոքրամասնությունների, ալբոմային, թարգմանական` օտար լեզուներից հայերեն և հայերենից օտար լեզուներ: Վերջինիս դեպքում համագործակցում ենք դրսի հրատարակիչների հետ: Մեզանում օտարալեզու գրքեր տպագրելը իմաստ չունի, որովհետև համապատասխան ընթերցող չունենք: Տպաքանակը համապատասխան երկրներ արտահանելը շատ թանկ է: Մենք ֆինանսավորում ենք արտերկրի հրատարակիչներին, տալիս ենք թարգմանության գումարը, հրատարակչությունը վաճառում է, դրանից շահույթ է ստանում, և, արդյունքում, տարածվում են հայկական մշակույթը, հայ գիրքը:
-Ո՞ր գրքերն են հասել դրսի ընթերցողին:
-Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը» տպագրվել է պարսկերեն, Քրիս Բոջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները»` լեհերեն, Մուշեղ Գալշոյանի «Մարութա սարի ամպերը»՝ անգլերեն:
-Ի՞նչ է արվում հրատարակված գրքերը ընթերցողին հասցնելու համար: Պետպատվերով, պետական աջակցությամբ տպագրվող գրքերը չե՞ն մնում գրապահոցներում:
-Ոչ մի գիրք գրապահոցում չի մնում, դրանք բանահյուսության ժանրի խոսակցություններ են: Նախարարությունը գիրքը տպագրում է և տրամադրում իր ենթակայության տակ գտնվող մարզային գրադարաններին` այնպիսի խմբաքանակով, որ մարզային գրադարաններն իրենց հերթին գրքեր հասցնեն համայնքային գրադարաններին:
-Գրախանութներին գրքեր տրամադրվո՞ւմ են:
-Պետպատվերի դեպքում նախարարության ենթակա «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ը զբաղվում է գրքի վաճառքի հարցերով, տրամադրում է գրախանութներին: Պետական աջակցության դեպքում վաճառքի կազմակերպման խնդիրը ստանձնում է հրատարակչությունը: Սակայն գրախանութն ընտրում է այն գրքերը, որոնք ցանկանում է վաճառել: Ամեն կերպ գիրքը տարածվում է, ներկայացվում են նաև հանրապետական, միջազգային գրքի ցուցահանդեսներին: Մենք չունենք պահոցում գրքեր, որոնք երեք տարի առաջ ենք հրատարակվել և մնում են, խունանում, հնանում:
-Պետպատվերով գրքերը հիմնականում անորակ են լինում: Կա՞ նման խնդիր:
-Այդ խնդիրը կար 10-15 տարի առաջ, երբ պոլիգրաֆիական որակի վրա քիչ էր ուշադրություն դարձվում, ավելի ճիշտ, մեր տպարանները չունեին համապատասխան սարքեր, որոնց օգտագործմամբ հնարավոր էր որակյալ գիրք ստանալ: Այսօր ոչ միայն Հայաստանի, ամբողջ աշխարհի մակարդակով մրցունակ գրքեր ունենք: Ընթերցողը հետաքրքրվում է ոչ միայն գրքի բովանդակությամբ, այլև պոլիգրաֆիական որակով և տեսքով: Եթե հրատարակչությունը որակով արտադրանք չապահովի, մրցունակ չի լինի, մասնավոր կազմակերպությունները, իրավաբանական և քաղաքացիական անձինք չեն դիմի հրատարակչությանը իրենց գրքերը տպագրելու համար:
-Ի՞նչ բացեր, խնդիրներ ունենք գրահրատարակչական ոլորտում:
-Մենք չունենք գրքի ձևավորման դպրոց: Կուզենայի, որ տարբեր ժողովուրդների վարպետների հետ շփումները հաճախակի լինեին, մեր ձևավորողները տեսնեին, թե աշխարհում ինչպես են ձևավորվում գրքերը, փորձը բերեին Հայաստան և ավելի ճաշակով գրքեր տպագրեին: Տպագրական բարձրակարգ սարքերի միջոցով պոլիգրաֆիական որակի հարցը լուծվել է, բայց ձևավորման մեջ դեռ շատ ու շատ առաջ գնալու տեղ ունենք:
-Գրքերը տպագրվում են 500 օրինակ տպաքանակով: Այս թիվը աճելու միտում ունի՞:
-Տպագրվում է այնքան, ինչքան սպառվում է: Եթե պետք է տպագրվի 1000 օրինակ ու չվաճառվի, ի՞նչ իմաստ ունի դրա վրա գումար ծախսել: Ռուսաստանում բնակչությունը տասն անգամ շատ է, գրքերը տպագրվում են 2000 օրինակով: Եթե համեմատենք մեր ու նրանց շուկան, մեր ընթերցողներն ավելի գնողունակ են: Խորհրդային տարիներին, երբ գրքերը 50 հազար օրինակ էին հրատարակվում, նույնչափ գիրք կարդացո՞ղ կար: Երբեմն այդ տարիներին լույս ընծայված գրքերը վերցնում ենք, տեսնում, որ անգամ թերթված չեն, թերթերը կպած են իրար, գիրքն անգամ չի բացվում:
-Եթե էժան լինի գիրքը, գուցե երկուստե՞ք շահեն, ավելի մեծ կլինի գնողների թիվը, ավելի շատ՝ տպաքանակը:
-Գրքերի գինը միայն թղթի գինը չի որոշում: Եթե գրողի մահից 70 տարի չի անցել, հրատարակչությունը գնում է գրքի թարգմանության հեղինակային իրավունքը, վճարում է թարգմանչին, վճարում է խմբագրման, սրբագրման, գրքի կազմի ձևավորման, տպագրության համար: Իրականում գրքի բյուջեն բավական մեծ է: Նախարարության աջակցությունն ինչի՞ համար է, որ գիրքը վաճառվի ինքնարժեքից ցածր և գնողունակության մակարդակին համապատասխան: Գրքի մեկ օրինակի արժեքը թարգմանությունների պարագայում կարող է լինել 15 հազար, բայց վաճառվի 5 հազար դրամով: Համեմատաբար էժան են վերահրատարակությունները և ժամանակակից գրողների գրքերը, եթե թարգմանության խնդիր չկա, և գրողն էլ համաձայնում է փոքր հոնորարով գիրք տպագրելուն: Աշխարհում քիչ թվով գրողներ կան, որ հոնորարներով կարողանում են ապրել: Գրելով ապրել Հայաստանում, ցավոք, հնարավոր չէ:


Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 2168

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ